Լուրերու Արխիվ

Hovig Taslakian 61317

«Հասարակական-Քաղաքական, Ազգային Աշխատանքներ Կատարելու Համար Պէտք Է Որոշակի Զոհողութիւնների Գնալ». Յովհաննէս Թասլաքեան

Հարցազրոյցը` ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ

Հայաստանի սփիւռքի նախարարութիւնում հիւրընկալուած լիբանանահայ հասարակական-քաղաքական եւ ազգային գործիչ, Համազգայինի Կենտրոնական վարչութեան նախկին անդամ, Հայաստանի  սփիւռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Յովհաննէս Թասլաքեանի հետ հարցազրոյց անցկացուեց «Հայերն այսօր»-ի խմբագրութիւնում, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրութեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Թասլաքեան, դուք, կարելի է ասել, ամբողջովին զբաղուած էք հասարակական աշխատանքով. ներկայացրէք, խնդրեմ, ձեր ծաւալած գործունէութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Անշո՛ւշտ, ամբողջովին ներգրաւուած եմ հասարակական աշխատանքի մէջ, որն անում եմ ամենայն սիրով ու պատասխանատուութեամբ: Ատամնաբուժ եմ, աշխատում եմ նաեւ իմ մասնագիտութեամբ, սակայն հասարակական գործունէութիւնս ծաւալել եմ մշակութային եւ կուսակցական դաշտում: Շատ ելոյթներ եմ ունեցել լիբանանեան հեռուստատեսութեամբ, Քաթարում, Ֆրանսայում` Մոնթէ Քարլոյի ռատիոկայանով, հրապարակախօսական նիւթեր եմ ունեցել մամուլում: «Հայ դատ»-ի ներկայացուցիչն եմ եղել Պէյրութում: Ամէնուր ներկայացրել եմ «Հայ դատ»-ի, մեր կուսակցութեան` Դաշնակցութեան նպատակների, աշխատանքների, ակնկալիքների վերաբերեալ ունեցած մեր տեսակէտը:

Հ.- Ատամնաբուժի` ձեր մասնագիտական աշխատանքին կարողանո՞ւմ էք ներդաշնակօրէն համադրել հասարակական-քաղաքական գործունէութիւնը, եւ արդեօ՞ք մէկը միւսին չեն խանգարում:

Պ.- Սովորաբար սփիւռքում հասարակական գործը կամաւոր բնոյթ ունի, եւ շատե՛րն են իրենց սեփական աշխատանքից դուրս` զբաղւում նաեւ հասարակական աշխատանքով, համայնքային կեանքով. այդ երկուսն իրար չեն խանգարում, չեն հակասում: Եթէ հասարակական աշխատանքում ամբողջապէս մխրճուես, անշուշտ կ՛ունենաս դժուարութիւններ, անձնական գործիդ մէջ զիջումներ պիտի անես:

Հ.- Պարո՛ն Թասլաքեան, ո՞րն է հասարակական աշխատանքին ինքնամոռաց նուիրումի ակունքը, ընտանեկա՞ն աւանդոյթի արդիւնք  է…

Պ.- Դա գալիս է ստեղծուած որոշակի մթնոլորտից, որում, անշուշտ, իրենց դերակատարումն ունեն ե՛ւ ընտանիքը, ե՛ւ դպրոցը, ապրածդ միջավայրը, հասարակական կառոյցները, կուսակցութիւնները եւ, ի յաւելումն այդ ամէնի, նաեւ` հայրենասիրութիւնը: Հասարակական աշխատանք տանելու համար պէտք է նաեւ որոշակի զոհողութիւնների գնալ սեփական հանգստի հաշուին: Շատ կան հայրենասէր հայեր, սակայն ամէն մարդ չէ, որ պատրաստակամ է` ներգրաւուելու հասարակական աշխատանքներում:

Հ.- Հայաստանի սփիւռքի նախարարութեան հետ ինչպէ՞ս սկսուեց ձեր բարեկամութիւնը:

Պ.- Հայաստանի հետ կապերս վաղուց են եղել. որպէս Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ` աւելի լայն հնարաւորութիւն եւ շատ առիթներ եմ ունեցել ճանաչելու Հայաստանը քաղաքական, մշակութային եւ այլ տեսանկիւններից: Հետեւաբար, երբ կազմուեց Հայաստանի սփիւռքի նախարարին կից հասարակական խորհուրդը, Համազգայինի Կենտրոնական վարչութիւնն ինձ լիազօրեց` որպէս այս գործի ներկայացուցիչի:

Հ.- Պարո՛ն Թասլաքեան, գո՞հ էք, որ այդ գործի, հասարակական խորհրդի ներկայացուցիչն էք, բազմազբաղ էք, կտրւում էք ձեր մասնագիտական աշխատանքից. այս հասարակական խորհուրդի հանդիպումներն ի՞նչ են  տալիս:

Պ.- Դժգոհ լինելու պատճառներ չկան, սակայն ակնկալիքներն են աւելին` գործին առաւել հնչեղութիւն հաղորդելու, այն աւելի զարգացնելու առումով: Այս խորհրդի նիստերը եւ տիկին Հրանուշ Յակոբեանի հետ ունեցած հանդիպումները, նրա խորհուրդներն օգտակար են այս առումով: Հաւաքական մտքերը, աշխատանքներն աւելի օգտակար են եւ արդիւնաւէտ:

Հ.- Քանի՞ տարի է, որ ներգրաւուած էք հասարակական գործունէութեան մէջ:

Պ.- 20 տարեկանից հասարակական աշխատանքների մէջ եմ. Պէյրութում «Զաւարեան»  ուսանողական միութիւն ունենք, որում այդ տարիքից ընդգրկուել եմ եւ դարձել վարչութեան անդամ. հէ՛նց այդ տարիներից էլ այս դաշտում եմ:

Հ.- Ո՞րն է տարիների ընթացքում հասարակական գործունէութեան ոլորտում ձեր ամենամեծ ձեռքբերումը, ազգայինի համար արուած ամէնից արդիւնաւէտ աշխատանքը…

Պ.- Անջատ, մէկ օրակարգով պէտք չէ ներկայացնել հարցերը. այն, ինչ արել եմ գումարով, դա արել եմ իմ խղճի մտօք: Այդ բոլորը կատարել եմ յաճախ հասկացուելով, երբեմն` չհասկացուելով, ունեցել եմ, անշուշտ, նաեւ յոգնութեան պահեր, սակայն իմ տրամաբանութեանը համապատասխանող եզրակացութիւնն ինձ հոգեկան մեծ գոհունակութիւն է պարգեւել, որովհետեւ իմ առաջ քաշած գաղափարը օգտակա՛ր է եղել, իրականութի՛ւն է դարձել: Գաղափարը կարող է մէկը տալ, այնուհետեւ այն կը հասունանայ, եւ կը սկսուի իրականացման ընթացակարգը. գործը միասին ենք անում:

Հ.- Վերյիշէք, խնդրեմ, ձեր հետաքրքիր, կարեւոր, արդիւնաւէտ եւ իրականութիւն դարձած գաղափարներից մէկը:

Պ.- Օտար հասարակութեան ուսանողութեանը մեզ ներկայացնելու, մեզ ճանաչելի դարձնելու համար, դեռեւս 20-21 տարեկանում, մի խմբով որոշել էինք օտար լեզուով հրատարակութիւն ստեղծել եւ «Զաւարեան» անունով հրատարակութիւն հիմնեցինք, ուր ներկայացրեցինք մեր տեսակէտները. այդ գործը շարունակուել է 30 տարի: Այս գաղափարի իրագործման գոհունակութիւնը մինչեւ հիմա զգում եմ: Կրթական ոլորտում, Համազգայինի առումով, մտածում եմ փորձել կրթական համակարգի գործունէութիւնը դուրս բերել սիրողական որոշ մակարդակից եւ դրանք դնել մասնագիտական հունի մէջ: Լիբանանում, 1975-ի քաղաքական տագնապի ժամանակ ստեղծուած իրարանցումի ընթացքում, մենք մեր տեսակէտը պարզելու պարտաւորութիւնն ունէինք. եթէ մեր տեսակէտը մենք կարողացել ենք ճիշդ բանաձեւել եւ հասկանալի ներկայացնել քաղաքական շրջանակներին, եւ այդ շրջանակները, ընդունելով մեր տեսակէտը, որոշ չափով իրենց կարծիքը փոխել են, կարծում եմ, որ դա եւս յաջողութիւն է:

Պարո՛ն Թասլաքեան, շնորհակալութի՛ւն` բովանդակալից, հետաքրքիր զրոյցի համար. մաղթում եմ, որ ձեր հասարակական-քաղաքական, ազգային գործունէութիւնը երկար կեանք ունենայ` ի շահ եւ ի նպաստ ոչ միայն Լիբանանի, այլեւ`  համայն հայութեան:

ԱԶԴԱԿ Օրաթերթ

LOGO en